11 սեպտեմբերի 2017 - 12:06 AMT
Բյուրականի հրդեհը մարված է. Վնասը գնահատվում է

Բյուրականի մոտ մի քանի օր տևած և արդեն մարված հրդեհի հասցրած վնասի չափը ճշտվում է: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արման Ավագյանը՝ նշելով, որ այժմ արբանյակային պատկերների վերծանման և այլ եղանակներով գնահատում են հասցված վնասը:

Նա մանրամասնեց, որ վերջնական պատկերը կլինի 1-2 օրվա ընթացքում, ինչից հետո հասցված վնասի մասին տեղեկատվությունը կտրամադրվի բնպահպանության նախարարին ու կհրապարակվի:

ԱԻՆ հաղորդմամբ, սեպտեմբերի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում Բյուրականի մոտ առկա ծխացող օջախների հետմարման աշխատանքներն ավարտվել են: Հրդեհն ամբողջությամբ մարված է: Այսօրվա աշխատանքներում ներգրավվել է 125 փրկարար ծառայող և 20 միավոր տեխնիկա: Սեպտեմբերի 3-ին բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք: Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով:

Հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպվել են անընդհատ ռեժիմով՝ հատուկ լուսավորություն ապահովելու շնորհիվ շարունակվելով նաև գիշերը: