2 փետրվարի 2008 - 13:25 AMT
Նիկոլյա Սարկոզին եւ Անգելա Մերկելը ոչ մի նոր բան չեն ասել
ԵՄ-ին անդամակցության հարցում Թուրքիային մերժելու վերաբերյալ Սարկոզիի եւ Մերկելի հայտարարությունը ինչ-որ նոր բան չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, այդ դեպքում որոշում կայացնողը Եվրահանձնաժողովն է, որը չի դադարեցրել Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու շուրջ ընթացող բանակցությունները: «Ֆրանսիայի եւ Գերմանիայի հայտարարությանը դեմ են Մեծ Բրիտանիան եւ Դանիան: Ավելին, Արեւելյան Եվրոպայի երկրների մեծ մասը նույնպես կողմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, քանի որ նրանք գտնվում են ԱՄՆ-ի ազդեցության տակ»,-ընդգծել է Ռ.Սաֆրաստյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ն ամեն կերպ ջանում է, որ Թուրքիան առաջիկայում եւս մնա իր դաշնակիցը եւ այդ պատճառով լոբբինգի է ենթարկում նրա շահերը Եվրամիությունում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Եվրոպայի ապագային նվիրված «Միասին կառուցենք մեր ապագան» խորհրդաժողովում դեմ հանդես եկան Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում, քանի որ գտնվում է Փոքր Ասիայում: Եթե մենք անվերջ ընդլայնենք ԵՄ-ն, կոչնչացնենք քաղաքական Եվրոպան»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: