12 սեպտեմբերի 2017 - 10:51 AMT
Միջազգային փորձագետներն ուսումնասիրում են հրդեհից հետո «Նաիրիտում» ստեղծված վիճակը

Սեպտեմբերի 11-ին Հայաստան են ժամանել միջազգային փորձագետներ, որոնք պետք է ուսումնասիրեն հրդեհից հետո «Նաիրիտ» գործարանում ստեղծված վիճակը: Նրանք այցելել ՀՀ ԱԻ նախարարություն, որտեղ նրանց ներկայացվել է գործարանի ներկա վիճակն ու առկա խնդիրները:

Օգոստոսի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում բռնկված հրդեհի հաջորդ օրը ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան:

ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) ՀՀ հայտին պատասխանել են Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC), ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA): Հայաստան է գործուղվել միջազգային 3 փորձագետ՝ Ուիլիամ Քրուզ-Մորեյը (Ֆրանսիա, ERCC), Hazmat & CBRN (քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային) ավագ տեխնիական խորհրդատու, Մելվիանա Հեդենը (Շվեդիա, ERCC), շրջական միջավայրի պահպանության մասնագետ /էկոլոգիական հարցերով ինժեներ, աշխատում է թափոնների կառավարման ոլորտում, Լոուրեն Նիկոլը (Շվեյցարիա, SDCA), շրջակա միջավայրի և անվտանգության փորձագետ:

Փորձագետներն այցելել են «Նաիրիտ» գործարան՝ տեղում ծանոթանալու հրդեհի հետևանքով այրված պահեստարաններին և գործարանի տարածքում պահվող քիմիական նյութերին: «Նաիրիտի» գործադիր տնօրեն Ռ. Սաղաթելյանը փորձագետներին հակիրճ ներկայացրել է գործարանի պատմությունը, հրդեհից հետո ստեղծված իրավիճակը, գործարանի տարածքում պահպանվող նյութերը և դրանց բնութագրերը:

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը հայտարարել էր. «Նաիրիտում» տարբեր վտանգավորության աստիճանի քիմիական բաղադրության նյութեր կան, որոնք պետք է ոչնչացվեն Հայաստանում կամ ապահով ձևով կոնսերվացվեն: Բոլոր տարբերակներն էլ ռիսկեր ունեն, նաև ֆինանսական միջոցներ են պետք»:

Իրավիճակին նախնական ծանոթացումից հետո փորձագետներին ընդունել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Շնորհակալություն հայտնելով արագ արձագանքի համար՝ ԱԻ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմն ակնկալում է ստանալ առկա խնդրի հրատապ ու արդյունավետ լուծման առաջարկներ՝ ապագայում բացառելու համար հնարավոր արտակարգ պատահարները:

Փորձագետները պատրաստակամություն են հայտնել իրենց փորձն ու գիտելիքն ի սպաս դնել այս խնդրի լուծման համար: Առաջիկա օրերին նրանք կշարունակեն ուսումնասիրությունները (ՀՀ օրենսդրական դաշտ, քիմիական նյութերի և թափոնների պահպանման, դրանց իրացման կամ չեզոքացման հնարավորություններ, մարդկանց և շրջակա միջավայրի համար առկա ռիսկեր և այլն): Առաքելության ավարտին փորձագետները հանդես կգան առաջարկությունների փաթեթով, որը հիմք կհանդիսանա ծրագիր մշակելու համար, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Փորձագիտական խումբը Հայաստանում կաշխատի երկու շաբաթ՝ հետազոտություններում ներգրավելով նաև այլ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների:

«Նաիրիտ» գործարանում հրդեհը բռնկել էր օգոստոսի 28-ին, մարվել երկու օր անց` օգոստոսի 30-ին։Նաիրիտ 1-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) հրդեհվել էր էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցել են 109 փրկարար ծառայող: