12 սեպտեմբերի 2017 - 12:00 AMT
ՀՀ-ում արտադրված սնունդը պահանջված է ՌԴ-ում. 570 մլն դրամի պատվեր կա

Սննդարդյունաբերության ոլորտի 16 ընկերություն Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում միասնական տաղավարով մեր երկիրը ներկայացնում է WorldFood Moscow 2017 ցուցահանդեսին։

Արտադրանքը միջազգային շուկային ներկայացնելու համար հիմնադրամն ընկերություններին աջակցում է արտահանման խթանման ու արտադրանքի ճանաչելիության բարձրացման՝ Կառավարության ռազմավարության շրջանակում։ Նախորդ ցուցահանդեսին մասնակիցները մոտ 570 միլիոն դրամի սննդամթերքի արտահանման 12 պայմանագիր են կնքել։

Հայաստանյան ընկերությունները միջազգային գնորդներին են առաջարկում մրգի, բանջարեղենի, մսի պահածոնեիր, հյութերի, կոմպոտների, շոկոլադի, մեղրի, չջի, հանքային և աղբյուրի ջրի, գարեջրի, ձկնամթերքի, մսամթերքի, թեյի տեսականի։ Նաև՝ Ավստրիական զարգացման գործակալության Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ծրագրով հայկական տաղավարում առաջին անգամ ներկայացված է 6 ընկերության արտադրած օրգանական սննդամթերքի տեսականին։

«Անցած էքսպոյին հայկական արտադրողներն այս ցուցահանդեսի համար ռեկորդային ծավալի արտահանման պայմանագրեր են կնքել։ Բայց սա էլ բավարար չենք համարում. մասնակից ընկերությունների առջև մենք խնդիր ենք դնում ավելի ճկուն լինել, արտադրանքի տեսքը, որակն ու ծավալները համապատասխանեցնել միջազգային տարբեր շուկաների պահանջներին ու ավելացնել կնքվող պայմանագրերի ծավալները»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Ցուցահանդեսի երկրորդ օրը հայկական տաղավարում կանցկացվի համտես, որի ընթացքում այցելուներին, մեծածախ գնորդներին ու դիստրիբյուտորներին կներկայացվեն ռուսական շուկայի համար նախատեսված ապրանքատեսակները։ Այդ թվում՝ նորերը. լցնովի գարեջուր, հունական յոգուրտ, «Արֆետտո» պանիր, բիոթթվասեր ու բիոկաթնաշոռ։ Ընկերություններից մի քանիսը մասնակցելու են մրցույթների, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը:

«WorldFood Moscow 2017»-ին մասնակցում է մոտ 1500 ընկերություն՝ ավելի քան 65 երկրից, սպասվում է մոտ 29 հազար մասնագետի այցելություն։ Ցուցահանդեսի հայկական տաղավար են այցելել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկի արտադրության 8 ընկերություն միասնական տաղավարով սեպտեմբերի 5-8-ը Հայաստանը ներկայացրել է մոսկովյան MosShoes-2017 միջազգային ցուցահանդեսին: Մարտին տեղի ունեցած ցուցահանդեսի արդյունքում հայկական ընկերություններն ավելի քան 300 միլիոն դրամի արտահանման պատվերներ են ստացել։