13 սեպտեմբերի 2017 - 13:44 AMT
Գարիկ Մարտիրոսյան. ՀՀ նախագահի վստահված անձն եմ

Comedy Club-ի գեղարվեստական ղեկավար և «ռեզիդենտ» Գարիկ Մարտիրոսյանը YouTube հարցազրույց է տվել «վԴուդ» ալիքին, որի շրջանակում պատմել է իր կյանքի տարբեր ասպեկտների մասին, այդ թվում ՌԴ քաղաքացիություն չունենալու:

Մեկ ժամ տևած զրույցում Մարտիրոսյանն ու Դուդը խոսել են ռուսական ռեփի, հումորի հորինման տեխնոլոգիաների, տեսաբլոգեր Խովանսկու, Դմիտրի Մեդվեդևի հետ պարելու և այլ հետաքրքիր թեմաների մասին:

Մարտիրոսյանը համակարծիք չի եղել շոուն վարող Յուրի Դուդի հետ այն հարցում, որ ՀՀ քաղաքացիությունը իրեն հնարավորություն է տալիս անկաշկանդ կատակել քաղաքական թեմաներով Ռուսաստանում, ինչպես նաև հարգելի պատճառով չմասնակցել քաղաքական գործընթացներին՝ մասնավորապես, «չստանձնել որևէ մեկի վստահված անձը լինելու պարտականությունը»:

Ըստ Մարտիրոսյանի, ՌԴ քաղաքացիության հարցը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ: «Ես Հայաստանի նախագահի վստահված անձն եմ»,-կատակել է շոումենը: