13 սեպտեմբերի 2017 - 15:21 AMT
Շարմազանով vs. Բագրատյան. Եկեղեցի կառուցելը քանդո՞ւմ է պետությունը, թե միակ ճիշտ ներդրումն է

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հաշվարկներով՝ հայերը կառուցել են 6.5-8 հազար եկեղեցի, ինչի համար այսօրվա գներով ծախսել են $80 մլրդ։ Այս թեմայով Բագրատյանը ծավալուն գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ բացի այդ տարեկան 2% ամորտիզացիայի հաշվարկով և եկեղեցիների միջին տարիքը 700 տարի համարելով 1700 տարվա համար ստացվում է $1.12 տրլն։

«Այս պայմաններում ի՞նչպես կարող էր պետություն լինել։ Թուրքական սուլթանները, պարսկական շահերը հաճույքով թույլատրում էին հայ կղերականներին հարկեր հավաքել իրենց հպատակներից։ Նրանք լավ գիտեին՝ քանի կա ՀԱՍԵ-ն, հայերին պետություն պետք չէ և հնարավոր էլ չէ։ Մոկսում, Շատախում, ամենուր հայերը իսլամ էին ընդունում, որպեսզի ազատվեն հարկերից (Լեո)։ Բա ի՞նչպես։ Այլապես 11-րդ դարում 100000 սելջուկները ի՞նչպես կարող էին իրենցով անել 5-6 մլն հայերի (Թ.Հակոբյան)։ Այն ժամանակ աշխարհում կար 300 մլն մարդ, որից 6 մլն-ը հայ էին։ Հիմա կա 8 մլրդ մարդ, որից 8 մլն-ն է հայ։ Իհարկե, դրական բացառություններ եղել են։ Արաբներն, օրինակ, հարկերը հավաքում էին դրամով՚։ Նրանց ՀԱՍԵ-ն պետք չէր։ Դրա համար էլ ՀԱՍԵ-ն այս պարագայում միացավ Բագրատունիներին և օգնեց, որ պետություն ունենանք... որ հետո այդ պետության վերջը տա։ Եվ այս եկեղեցու պատմությունը մենք ուսումնասիրում ենք դպրոցում։ Երբ այն չափի մեջ չէ, այն հակապետական է»,- գրում է Հրանտ Բագրատյանը։

Հակադարձելով այս գրառմանը, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե Հայաստանում միակ ճիշտ ներդրումը եկեղեցի կառուցելն է։ «Եկեղեցին միակ վայրն է, որտեղ մարդը մտնում և ստանում է դրական էներգիա։ Ես կողմ եմ այդքան եկեղեցիների կառուցմանը։ Միակ, ամենաճիշտ ներդրումը Հայաստանում եկեղեցի կառուցելն է», - ասել է ԱԺ փոխնախագահը, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ եկեղեցի կառուցելը չի կարելի հակադրել տնտեսության զարգացման հետ։

Շարմազանովը համոզված է՝ «եկեղեցին մեր սուրբ եկեղեցին է, ու պետք է դպրոցներում Հայ եկեղեցու պատմության ժամերը ավելացնեն, ավելին՝ բուհում էլ... Շատ ճիշտ ա, որ բանակում աղոթքով են սկսում, հըլը պիտի պառլամենտում էլ, ամեն տեղ էլ պետք է ունենանք մեր հոգևոր զարթոնքը»: