13 սեպտեմբերի 2017 - 17:56 AMT
ՀՀ դատարաններ կարգելվի բերել բիլիարդի կիյ, միկրոբներ ու սողունների

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ 2011-ին ընդունված «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու կարգերը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ են մտցվել:

Դատական դեպարտամենտը տեղեկացնում է, որ դատարանների խորհրդի այս որոշմամբ՝ զննության նոր կարգ է հաստատվել և սահմանվել է արգելված իրերի ցանկ:

Ըստ խորհրդի որոշման, պահպանվող տարածք մուտք գործող անձանց արգելվում է ներս բերել զենք`ցանկացած առարկա, որն ի վիճակի է կրակ արձակելու և վնաս պատճառելու, այդ թվում` բոլոր հրաձգային զենքերը (ատրճանակ, ռեվոլվեր, հրացան, կարճափող զենք և այլն), հրազենային զենքի կրկնօրինակներ կամ նմանակումներ, հրազենային զենքի առանձին մասեր, գազային զենք, պնևմատիկ ատրճանակներ, հրացաններ և գնդիկավոր հրացան, ազդանշանային ատրճանակ, մեկնարկային ատրճանակներ, բոլոր տիպի խաղալիք ատրճանակներ, գնդակ նետելու հարմարանքներ, մեխ և պտուտակ ամրացնելու արդյունաբերական սարքեր, արբալետներ, նիզակներ, բթացնող կամ հարվածող սարքեր, հրազենային զենքի տեսքով պատրաստված կրակայրիչներ, էլեկտրոշոկային սարքեր:

Արգելվում է բերել նաև կտրող, ծակող զենք և սուր առարկաներ՝ կացիններ, նետեր, մաչետեներ, ցանկացած երկարության շեղբով բացովի կամ ծալովի դանակներ, ցանկացած երկարության սայրով մետաղյա կամ որպես պոտենցիալ զենք օգտագործվելու համար բավարար ցանկացած այլ ամուր նյութից պատրաստված դանակներ, բաց ածելիներ և շեղբեր, սրեր, թրեր, մկրատներ, մետաղյա աստղեր, արդյունաբերական ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել որպես ծակող, կտրող զենք, օրինակ` գայլիկոններ, սպասքի դանակներ, սղոցներ, պտուտակահաններ, լինգեր, մուրճեր, հարթաշուրթեր, խցանահանիչներ, ենթամաշկային ներարկման ասեղներ, գործելու շյուղեր:

Չի կարելի բերել նաև բութ գործիքներ`բեյսբոլի մականներ, գոլֆի թիեր, հոկկեյի թիեր, նավակի թիեր, բիլիարդի կիեր, ձկնորսության կարթեր, մահակներ, պայթուցիկ և դյուրավառ նյութեր, քիմիական և թունավոր նյութեր, ինֆեկցիոն կամ կենսաբանական վտանգավոր նյութեր, օրինակ` բակտերիաներ և վիրուսներ, ինքնահրկիզվող նյութեր, կրակմարիչներ, թմրանյութեր և թմրադեղեր, ցանկացած տեսակի կենդանիներ:

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: