14 սեպտեմբերի 2017 - 10:21 AMT
Բլոգեր Լապշինը մեկնել է Իսրայել

Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտված և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը մեկնել է Իսրայել:

Հուլիսին ռուսաստանցի բլոգերը դիմում էր ներկայացրել իրեն Իսրայել արտահանձնելու խնդրանքով:Նա ՌԴ և Իսրայելի քաղաքացի է:

Լապշինը Թել Ավիվ է մեկնել մոր հետ, որն ավելի վաղ Բաքու էր ժամանել, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Լապշինն ինքնասպանության փորձ է արել: Ըստ Ալիևի հասարակական և քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովի, պատճառը «Իսրայելի կողմից արտահանձնման ընթացակարգերի ձգձգումն էր»:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: