14 սեպտեմբերի 2017 - 11:49 AMT
Մխիթարյանը՝ հոր մասին հուշերի, հայ լինելու ու Զիդանին երկրպագելու մասին

«Մանչեսթր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Հայ զինվոր» շաբաթաթերթին՝ պատասխանելով առաջնագծում ծառայող զինվորների հարցրեին:

Անդրադառնալով իր հոր մասին հուշերին, Մխիթարյանն ասել է. «Յոթ տարեկան էի, երբ հայրս մահացավ, նրա հետ կապված իմ հիշողությունները ամփոփված են մանկության յոթ տարիների ժամանակահատվածում ու որքան թանկ են ու սիրելի, նույնքան առօրեական են: Հայրս, ցավոք, չհասցրեց մասնագիտական խորհուրդներ տալ ինձ, բայց իմ հոգում մնացել է այն մանկական հրճվանքը, որի պատճառը հորս գովասանքներն էին՝ ֆուտբոլի ասպարեզում իմ առաջին փոքրիկ հաջողությունների կապակցությամբ»:

Նա համոզմունք է հայտնել, որ բոլոր մարդիկ էլ տաղանդավոր են, պարզապես ոչ բոլորն են հասկացել, թե ինչ շնորհ է իրենց տրված ի վերուստ, և ինչ մասնագիտություն պիտի ընտրեն, որ հաջողություն ունենան:

«Բայց միայն տաղանդին ապավինելով՝ չես կարող լուրջ բարձունքների հասնել, շատ մեծ է աշխատասիրության նշանակությունը: Պետք է համառել, պետք է ապավինել սեփական կամքին, չնահանջել… Ու ամենաանհավանական երազանքները իրականություն կդառնան: Չի կարելի հուսահատվել ձախողումներից, չի կարելի ընկրկել դժվարությունների առաջ: Չի կարելի մնալ կեսճանապարհին»,- ասել նա՝ հավելելով, որ հաղթանակները ծնվում են պարտությունից, իսկ ձախողումը նոր նվաճումների սկիզբ է:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ոչ թե երկիրն ու մարդիկ են որոշում քո կարգավիճակը հասարակության մեջ, այլ հենց դու՝ ինքդ:

«Հայերը շնորհալի ու աշխատասեր ժողովուրդ են և որ երկրում էլ ապրեն, հարգվում են: Բացի այդ, աշխարհը լի է հռչակավոր հայերով, որոնք փառք են բերում և՛ հայրենիքին, և՛ այն երկրին, որտեղ արարում են: Ինչ վերաբերում է հայրենիքի կարևորությանը, այն պայմանավորված չէ մարդու բարեկեցությամբ, հռչակով կամ մասնագիտական հաջողություններով: Հայրենիքը անփոխարինելի արժեք է ու բոլորիս հենման կետն է»:

Հենրիխը խոսել է նաև փառքի մասին՝ ասելով, որ այն չի կարող փոխարինել սիրելի մարդկանց. «Հարազատներիս, ընկերներիս տրամադրած ժամանակը հաճույք է, որ նվիրում եմ ինքս ինձ: Ես ավելի շատ ունեմ նրանց կարիքը աշխատանքի, լարված ռեժիմի, չթուլացող ռիթմի մեջ»:

Անդրադառնալով իր ֆուտբոլային կուռքին՝ Մխիթարյանն ասել է. «Հիմա ես ֆուտբոլային կուռք չունեմ, բայց եթե Դուք հարցնեիք, թե ո՞վ է եղել իմ ֆուտբոլային կուռքը պատանեկության տարիներին, ես կասեի՝ Զինեդին Զիդանը»:

Մխիթարյանը խոսել է նաև իր կարերայի ամենակարևոր պահերից մեկի մասին, երբ Եվրոպայի լիգայի եզրափակչից հետո բարձրացրել է Հայաստանի դրոշը. «Ասելիքս այն էր, որ ես հայ եմ ու հպարտանում են դրանով»: