14 սեպտեմբերի 2017 - 12:13 AMT
ԵԼՔ-ն ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԵՏՄ-ից ՀՀ դուրս գալու նախագիծը

Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցությունն Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԵՏՄ-ից (Եվրասիական տնտեսական միությունից) Հայաստանի դուրս գալու գործընթաց սկսելու նախաձեռնությունը:

«Քիչ առաջ ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել ԵԼՔ խմբակցության նախաձեռնությունը՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ եզրակացություն տալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին», - գրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:

Փաշինյանն իր գրառման մեջ նշել է, որ հանձնաժողովը պետք է ըստ էության եզրակացություն տա հետևյալ հարցի մասին. ի՞նչ ստացանք մենք և ինչ կորցրեցինք ԵՏՄ-ին անդամագրվելով, և որքանով է հետագա անդամակցությունը բխում մեր երկրի ռազմավարական շահերից:

ԵԼՔ-ի նախագծում որպես հիմնավորում նշվում է, որԵՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են։

Ընթերցեք նաև. ԵԼՔ-ը ՀՀ-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու մասին նախագիծ է ներկայացրել ԱԺ