14 սեպտեմբերի 2017 - 14:58 AMT
Հարություն Խաչատրյանը կնախագահի «Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրին

ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը կնախագահի «Ուղերձ առ մարդը» փառատոնի 2017-ի ժյուրին: «Ուղերձ առ մարդը» վավերագրական, կարճամետրաժ և էքսպերիմենտալ ֆիլմերի ամենամյա միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 15- 22-ը:

Փառատոնն 1989-ից անցկացվում է Սանկտ Պետերբուրգում: «Ուղերձ առ մարդը» փառատոնի ծրագրերում ընդգրկված ֆիլմերի թեմատիկ հիմնական առանձնահատկությունը հումանիզմն է:

Կինոյում Հարություն Խաչատրյանը առաջին քայլերը ևս կապված են այս փառատոնի հետ. հեղինակի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերը ներկայացված են եղել առաջին փառատոնի հիմնական ծրագրում, իսկ «Վերադարձ ավետյաց երկիրն» էլ 1993-ին արժանացել է երեք մրցանակի:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների ծանրաբեռնվածության առթիվ և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: