16 սեպտեմբերի 2017 - 10:58 AMT
Լապշինը հերքել է իր մեղայականը. Դիմելու է միջազգային ատյաններին

7 ամիս Ադրբեջանի բանտում անցկացրած և Իսրայել արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերքել է իր մեղայականը, որով նա դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հետաքրքրությամբ կարդացի իմ «մեղայականը», որն ակնհայտ կեղծիք է: Նրանք ի՞նչ է լրջորեն կարծում են, որ վնասվածքներով վերակենդանացման բաժանմունքում կարելի՞ է ինչ-որ բան գրել և ինչ-որ բանի համար մեղանչե՞լ»,-ասվում է գրառման մեջ:

Ալեքսանդր Լապշինը Բաքվում գտնվելու ժամանակ ճնշման տակ ներողություններ ու Ղարաբաղը ադրբեջանական տարածք ճանաչող պնդումներ պարունակող նամակ էր գրել երկրի նախագահ Իլհամ Ալիևի անունով:Այդ մասին հաղորդագրություն էին տարածել ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Չալարեցի և ընկերներիս խորհրդով արձանագրել եմ իմ բոլոր վնասվածքները ոստիկանությունում և Թել Ավիվի հոսպիտալում: Ինչ իմանաս ուր կտանի այս պատմությունը: Կարծիք կա, որ չի կարելի Ադրբեջանին ներել ինձ սպանելու փորձը և պետք է գրագետ գործել՝ միջազգային ատյանների միջոցով: Հավատում եմ միջազգային իրավունքի մասնագետներին, փաստաթղթեր եմ հավաքում՝ ընթացքի մասին տեղյակ կպահեմ»,-ասվում է Լապշինի գրառման մեջ:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

Ընթերցեք նաև. Լապշին․ Հայեր, այդ մարդիկ ձեզ ուզում են մեռած տեսնել՝ ու վերջ

Ալեքսանդր Լապշին․ Ինչպես էին ինձ սպանում Բաքվի բանտում