18 սեպտեմբերի 2017 - 16:00 AMT
Մխիթարյան. Կարևոր չէ՝ ինչ հաշվով ես հաղթում, գլխավորը հաղթանակն է

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ԱՊԼ 5-րդ տուրում «Էվերթոնին» 4:0 հաշվով հաղթելու մասին:

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ հանդիպման 83-րդ րոպեին Լուկակուի փոխանցումից հետո:

«Խաղը շատ դժվար էր: Չէինք կարծում, որ այն կավարտվի 4:0 հաշվով, սակայն «Էվերթոնը» իր պաշտպանության գծից այն կողմ գործելու մեծ հնարավորություն տվեց: Ցանկանում էինք հաղթել այս խաղում և ոչ ոքիի մասին նույնիսկ չէինք էլ մտածում: Գիտեինք, որ մրցակիցը անընդհատ ճնշում է գործադրելու, իսկ դա տարածություն կտա մեզ գործելու համար, ուստի սպասում էինք մեր շանսերին: «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլը հիասքանչ էր՝ այն մեզ վստահություն ու հանգստություն ներշնչեց: Կարևոր չէ, թե ինչ հաշվով ես հաղթում, կարևորը՝ բուն հաղթանակն է»,-ասել է Մխիթարյանը, գրում է Championat.com-ը BBC Sport-ի վրա հղումով:

ԱՊԼ 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Էվերթոնին» և հաղթեց 4:0 հաշվով: Մխիթարյանից բացի գոլերի հեղինակներ դարձան Անտոնիո Վալենսիան, Ռոմելու Լուկակուն և Անտոնի Մարսյալը, որն իրացրեց 11-մետրանոցը: