18 սեպտեմբերի 2017 - 16:57 AMT
Ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում ՀՀ-ն 1 մեդալ է նվաճել

Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացող 4 ձյուդոյիստներից միայն Գրիգոր Սահակյանին (90 կգ) է հաջողվել բրոնզե մեդալ նվաճել:

Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանն ասել է, որ գոհ է մեդալից, չնայած ընդհանուր արդյունքը կարող էր ավելի լավը լինել: «Ցանկացած մեդալ Եվրոպայի առաջնությունում արդեն հաջողություն է: Գրիգոր Սահակյանը որոշակի հանգամանքներում կարող էր ավելի բարձր տեղ զբաղեցնել: Քառորդ եզրափակչում նա եզրափակիչ փուլ հասած ուկրաինացուն զիջեց միայն լրացուցիչ ժամանակում:Կարծում եմ՝ Գրիգորի ուժերի սահմաններում էր անցնել եզրափակիչ և հաղթել ֆրանսիացի ձյուդոյիստին»,- ասել է նա, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Նա հավելել է, որ ինչ վերաբերում է մյուս ձյուդոյիստներին, նրանցից ևս մրցանակային տեղերի սպասումներ կային, սակայն տարբեր պատճառներով տղաները չկարողացան հաջողության հասնել:

«Կշարունակենք աշխատել: Հոկտեմբերի 18-22-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կմասնակցենք աշխարհի առաջնությանը: Մինչ այդ նախատեսում ենք ուսումնամարզական հավաք անցկացնել: Կցանկանայինք արտերկում անել, դրա համար էլ հստակ տեղը դեռ չեմ կարող ասել: Աշխարհի առաջնությունում հանդես կգանք 1-2 քաշային կարգերում»,-ասել է մարզիչը: