19 սեպտեմբերի 2017 - 13:52 AMT
Ռուս փորձագետ. Ղարաբաղի մերձակա տարածքների փոխանցումը Բաքվին հղի է պատերազմի վերսկսմամբ

Ադրբեջանին որոշ տարածքների հնարավոր վերադարձի մասին պետք է խոսի ԼՂՀ-ն, ոչ թե Երևանը: Այդպիսի հայտարարություն է արել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևն՝ արձագանքելով ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի համապատասխան հայտարարությանը:

Հայաստանը քննարկում է ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքների հնարավոր հանձնումն Ադրբեջանին: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Խոսքն այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորման և անվտանգության համակարգին վտանգ չի հասնելու»,-ասել է Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ:

«Քանի որ խոսքը լոկ ցանկության մասին է, դժվար է պատկերացնել հարցի գործնական կողմը»,-ասել է նա, գրում է Gazeta.ru-ն:

Ըստ փորձագետի, այն 7 շրջանների տարածքների զգալի մասը, որոնց մասին խոսվում է Մադրիդյան սկզբունքներում, ռազմավարական նշանակություն ունեն ԼՂՀ համար: «Այն ուղղությունները, որոնք վտանգավոր են, չեն փոխանցվի: Տարածքի ցանկացած փոխանցման համար հարկ է տեղափոխել ռազմաճակատի գիծը: Եթե Հայաստանը նահանջի տարանջատման գծից, ապա մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը մարտական գործողություններ կսկսի»,-ասել է փորձագետը:

Ըստ ՌԴ Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալի ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Զուրաբ Կանանչևի, Երևանի հայտարարությունը փորձաքար է՝ կարևոր է, թե փոխարենն ինչ կառաջարկի Ադրբեջանը: «Տարածքները, որոնք կարող են վերադարձվել, Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներն են, որոնց կարգավիճակն այժմ հայտնի է որպես անվտանգության գոտի»,-պարզաբանել է Կանանչևը:

Ըստ փորձագետի, Ադրբեջանի արձագանքը ՀՀ հայտարարությանը կարող է տարբեր լինել՝ զուսպից մինչև էմոցիոնալ, քանի որ տարածքների վերադարձի հարցը բազմիցս է արծարծվել:

«Մտահոգիչ է, որ «տաք գլուխները» կարող են այդ որոշումն ընկալել որպես ապրիլյան պատերազմի հետևանք: Ցանկացած վատ խաղաղություն լավ պատերազմից գերադասելի է»,-ասել է Կանանչևը:

Նալբանդյանը հայտարարել է նաև. «Եթե լինի պատերազմ եւ այդ պատերազմը հնարավոր չլինի կասեցնել, ապա Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը ու դրանով վերջ կդնի բանակցային գործընթացին: Խնդիրն այն չէ, որ Հայաստանը չի ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը, այլ պարզապես փորձում ենք հարցի լուծման խաղաղ բանակցային գործընթացը շարունակել: Մենք շարունակելու ենք խաղաղ բանակցությունները, քանի դեռ դրանցով հնարավոր է խուսափել պատերազմից ու հասնել խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը»: