19 սեպտեմբերի 2017 - 13:16 AMT
Կարեն Կարապետյանն ուզում է 2018-ին մնալ վարչապետի պաշտոնում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկություն ունի մնալ վարչապետի պաշտոնում 2018 թվականին: Այդ մասին վարչապետը հայտարարել է «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովում:

2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:ՀՀ-ում տևական ժամանակ քննարկվում է՝ արդյոք գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, թե կզիջի պաշտոնը գործող նախագահին:

Համաժողովին ներկաներից լիբանանահայ Համբիկ Մարտիրոսյանը նշել է, որ վարչապետը մեկ տարի պաշտոնավորման ընթացքում վստահություն է ներշնչել, հայտնում է Aysor.am-ը:

«Դուք նոր հեղափոխական ճամփա բացիք: Բացի այդ, կարծում եմ, որ լավ շախմատ եք խաղում, քանի որ շախ և մատ ցույց տվեցիք և հրապարակը մաքրեցիք որոշ անձնավորություններից: Հիմա հարց պետք է տամ` խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյոք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոնում», - հարցրել է նա: Կարեն Կարապետյանն էլ պատասխանել է. «Այո»:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ էական չի համարում, թե ով կլինի վարչապետ 2018-ին: «Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեցին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու»,- ասել է Սարգսյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի հունիսի 21-ի նիստում հայտարարել է. «Անկախ նրանից` ով կլինի ՀՀ վարչապետը, գործ եք ունենալու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ-ի հետ»: Նա անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի` 2018-ից հետո իր պաշտոնում մնալու կամ չմնալու խոսակցություններին. «Մենք խորհրդարանական հանրապետություն ենք արդեն, ու ժողովուրդը իր ձայնը տվել է ՀՀԿ-ին»։