19 սեպտեմբերի 2017 - 15:00 AMT
ԱՆ-ն հերքում է. Ջրծաղիկի դեմ ռուս-հնդկական պատվաստանյութ ՀՀ չի բերվի

Zydus Cadila-ի մասը կազմող Cadila Healthcare հնդկական դեղագործական ընկերությունը հայտարարել է, թե ռուսաստանյան Pharm-Aid- ի հետ ջրծաղիկի դեմ պատվաստանյութի արտադրության վերաբերյալ բացառիկ պայմանագիր է կնքել: Նշվում է, որ այս պայմանագրի շնորհիվ Zydus-ը հնարավորություն է ստանում մուտք գործել Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի դեղերի շուկաներ:

Պատվաստանյութի նախնական պահանջը միայն ՌԴ-ում կանխատեսվում է տարեկան 3 մլն չափաբաժին:

PanARMENIAN.Net –ն այս առթիվ զրուցել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հետ՝ փորձելով հասկանալ՝ հնարավոր է Հայաստանում ռուսական արտադրության ջրծաղիկի պատվաստանյութի իրացումը:

Մասնագետը նշեց, որ նախևառաջ ՀՀ պատվաստումների ազգային օրացույցով առնվազն մինչև 2020 թիվը ջրծաղիկի պատվաստման ներդրում չի նախատեսվում:

«Մեր պատվաստումների բյուջեն հաստատված է մինչև 2020-ը, և նման փոփոխություն չի նախատեսվում: Եթե անգամ նման քննարկում լիներ, որ Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստում ներդրվեր, մենք մեր բոլոր պատվաստումները գնում ենք ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջոցով և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորմամբ դեղագործական ընկերություններից: Իսկ այստեղ շատ բարձր չափանիշներ են, և ընդամենը 1-2 տարվա պատմություն ունեցող դեղագործական ընկերությունը, առավել ևս՝ նոր հիմնադրվողը, չի կարող հավակնել նախաորակավորում անցնելուն»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ նորաբաց ընկերույթյունն առնվազն առաջիկա 10 տարին չի կարող Հայաստանը դիտարկել՝ որպես իրենց արտադրանքի սպառման համար պոտենցիալ շուկա:

Կարդացեք նաև՝ ԱՆ. Պապիլոմայի դեմ պատվաստումների անվտանգության փաստարկները համոզիչ են