6 փետրվարի 2008 - 14:44 AMT
ԵՄ-ն մեծապես կարեւորում է Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները
ԵՄ-ի Եռյակի այս այցելությունը Հայաստան շատ կարեւոր է: Այդ մասին ԵՄ-ի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, մեկնարկած Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագիրը մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար: «Եվրամիությունը հաստատում է իր դիրքորոշումը Հարավային Կովկասի երկրների հարցում, որոնք ընթանում են ժողովրդավարության ճանապարհով, եւ այդ առումով մեծապես կարեւորում է կայանալիք նախագահական ընտրությունները»,-նշել է Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է նաեւ, որ ԵՄ-ն բոլոր ջանքերը գործադրում է տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար:

Իր հերթին Դիմիտրի Ռուպելը նշել է, որ այցի նպատակը Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացման վերաբերյալ հայկական կողմի կարծիքին ծանոթանալն է: «ԵՄ-ի հիմնական նպատակն է բարեկամական հարաբերություններ հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների միջեւ: Երեւանում բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի տեխնիկական հարցերը, ղարաբաղյան հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը: Ինչ վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններին, ապա ես համոզված եմ, որ դրանք կանցնեն ավելի բարձր մակարդակով, քան խորհրդարանականները»,-ընդգծել է Ռուպելը: