19 սեպտեմբերի 2017 - 17:39 AMT
ՃՈ հորդորը՝ արհեստական խոչընդոտներ չստեղծել հաշմանդամություն ունեցողների համար

Ճանապարհային ոստիկանությունը տեսանյութ է պատրաստել, որում անդրադառնում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանի մասնակցությամբ տեսանյութում ՃՈ-ն անդրադարձել է մայրաքաղաքում թեքահարթակների դիմաց մեքենաների կայանման խնդրին: Այսկերպ վարորդները հաճախ արհեստական խնդիրներ են ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Ավագանու՝ անվասայլակով տեղաշարժվող անդամն ուշադրություն է հրավիրում ճանապարհին հանդիպող դժվարություններին: Չնայած Տերյան փողոցի գրեթե բոլոր խաչմերուկներն ունեն թեքահարթակներ, դրանցով անցնելն անհնար է, քանի որ փողոցի երկայնքով մեքենաներ են կայանած:

«Շատ հաճախ մարդիկ իրազեկված չեն, և չեն մտածում, որ կայանելով այդ տեղում կարող են խոչընդոտել հաշմանդամություն ունեցող անձի տեղաշարժին»,-ասում է Բաթոյանը:

Ոստիկանությունը հորդորում լինել ուշադիր՝ չկայանել կանգառն արգելված վայրերում. «Բոլոր կարգազանցները կտուգանվեն: Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է լինելու»: