20 սեպտեմբերի 2017 - 10:24 AMT
Չեխիան վերջին տարիներին չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքն Ադրբեջանին

Չեխիան վերջին տարիներին չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին: Այսպիսի հայտարարություն է արել Չեխիայի ԱԳ նախարարությունն՝ անդրադառնալով Բաքվին չեխական «Դանա» հրետանային համակարգերի վաճառքի փաստին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես Թրենդ գործակալությունը և «Ազերնյուզը», ինչպես նաև ռուսական «Վոեննոե օբոզրենիե» էլեկտրոնային պարբերականը, վերջին օրերին հայտնել են, թե ներկայում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում, ի շարս այլ զինատեսակների, կիրառվում է Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգը:

Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ արտաքին ասպարեզում զենքի առևտրին վերաբերող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:

Սովորաբար, այս կամ այն զինատեսակի վաճառքի արտոնագիրը տրամադրում է արդյունաբերության և առևտրի նախարարության լիցենզավորման վարչությունը, որը հաշվի է առնում համապատասխան գերատեսչությունների՝ ներքին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական հիմնավորումները: Ապա Չեխիայի ԱԳ նախարարությունը նշում է, որ Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին: Ավելին, 2016 և 2017 թվականներին մերժվել են Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի հրթիռային համակարգեր գնելու հայտերը, ինչի մասին պատկան խողովակներով տեղեկացվել են նաև Չեխիայի գործընկերները Եվրամիությունում:

Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են չեխական արտադրության զինատեսակները հայտնվել Ադրբեջանում: Նախարարությունը կշարունակի քննել այդ հարցը:

Նախարարությունն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծումն անընդունելի է Չեխիայի համար: Չեխիան սատարում է խնդրի խաղաղ կարգավորումը, որը կհիմնվի փոխզիջման սկզբունքի վրա և կհամապատասխանի միջազգային իրավունքին:

Չեխիան շարունակում է սատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա երեք համանախագահների ջանքերին:

«Ազատությունը» համապատասխան նամակով դիմել է նաև Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարություն և մոտ ապագայում ակնկալում է այդ գերատեսչության պատասխանը:

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել: Զորավարժությունների վերաբերյալ տեսանյութում երևում են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA հաուբիցներ՝ ինքնագնաց հրետանային համակարգեր, ինչպես նաև 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: