20 սեպտեմբերի 2017 - 10:58 AMT
Գործընկերներ՝ աշխարհի բոլոր կողմերից․ Zangi-ն գրավում է B2B շուկան

iOS և Android համակարգերի համար Zangi մեսենջեր հավելվածն 2017-ին հատել է 1.5 միլիոն ակտիվ օգտատիրոջ սահմանը: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ընկերության կոմերցիոն գծով տնօրեն Վիգեն Ավանեսյանն ասաց, որ մեսենջերն իրենց հաջողության լավագույն ապացույցն է B2B հաճախորդների համար։

«Մեսենջերն ապրել է բնականոն աճ, և դեռևս գլոբալ PR առաջխաղացում չի կատարվել»,- շեշտեց Վիգեն Ավանեսյանը։

Նրա խոսքով, Zangi մեսենջերի օգտատերերը, որոնք աշխարհի տարբեր երկրներից են, առաջին հերթին գնահատում են այն փաստը, որ հավելվածը չի պահպանում և չի հավաքագրում օգտատերերի անձնական տվյալները որևէ սերվերների վրա։ Հաջորդ առավելություններից է այն, որ Zangi-ն աշխարհում ամենաքիչ ծախսող մեսենջերն է և այդ ցուցանիշով գերազանցում է ամենահայտնի մրցակիցներին՝ ապահելով որակյալ զանգեր նույնիսկ թույլ ինտերնետի ժամանակ։ Zangi-ում նաև ներդրվել է արհեստական բանականության հիման վրա Antiblocking տեխնոլոգիան, որի շնորհիվ հավելվածն աշխատում է մեսենջերների աշխատանքը սահմանափակող երկներում (օրինակ՝ Միացյալ Արաբական Էմիրություններում)։

Zangi-ն հեռահաղորդակցության ոլորտի ՏՏ ընկերություն է։ Այն ներկայանում է նույնանուն հաղորդակցման տեխնիկական լուծումների հարթակով, որի հիման վրա հնարավոր է ստեղծել ժամանակակից կոմունիկացիա ապահովող հավելվածներ և սերվերային լուծումներ, ինչպիսին են՝ տեսազանգեր, ձայնային զանգեր, IP հեռախոսակապ, ակնթարթային հաղորդագրություններ և այլն։

«Ընկերությունը հիմնադրվել է 2009թ․-ին, իսկ 2015թ․-ից սկսած մուտք է գործել միջազգային շուկա և այժմ կոմունիկացիոն ոլորտում B2B (Business-to-Busines) ուղղությամբ համարվում է աշխարհում առաջատարներից մեկը, եթե ոչ առաջատարը։ Նմանատիպ տեխնոլոգիաներ ունեցող ընկերություններ աշխարհում մի քանիսն են, եւ Zangi-ին այդ ընկերությունների շարքում է։ B2B հարթակում Zangi-ն արդեն ձեռք է բերել 20-ից ավել գործընկերներ աշխարհի 12 երկրից»,- մանրամասնում է նա։

2017-ին Zangi-ն մասնակցեց Բարսելոնայում հեռահաղորդակցման ոլորտի աշխարհի ամենամեծ ճանաչում ունեցող Mobile World Congress ցուցահանդեսին։ Հայաստանյան ընկերություններից Zangi-ն առաջինն է, որ մասնակցել է այդ միջոցառմանը՝ որպես ցուցադրող։ Այնտեղ ձեռք բերած հաջողության շնորհիվ կնքվեցին մի շարք խոշոր պայմանագրեր, որոնց հիման վրա Zangi-ն այժմ մասնակցում է երկրների մասշտաբով հեռահաղորդակցման ինֆրաստուկտուրաների ստեղծմանը։

«Zangi-ի աշխարհում ամենաքիչ տրաֆիկ ծախսող հեռահաղորդակման լուծումները գրավեցին այն ընկերություններին, որոնք կիրառվում են դրանք արբանյակային ցանցերում»,- մանրամասնում է ընկերության ներկայացուցիչն ու հավելում, որ ընկերությունն այս տարի ևս կմասնակցի հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ցուցահանդեսների՝ մասնավորապես Դուբայում և Լոնդոնում կայանալիք GITEX եւ Capacity Europe ցուցահանդեսներին։