20 սեպտեմբերի 2017 - 16:47 AMT
ԱԷՄԳ-ն կաջակցի ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելուն

Վիեննայում քննարկվել է ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու ծրագիրն ու այդ գործընթացին ԱԷՄԳ-ի աջակցության տրամադրման հնարավորությունները։ Քննարկումը կայացել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանի շրջանակում:

Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի հետ՝ խոսելով ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու ծրագրի և այդ գործընթացին ԱԷՄԳ-ի աջակցության տրամադրման հնարավորությունների մասին։ Քննարկվել են նաև ատոմային էներգետիկայի ոլորտում գործակցության հետ կապված հարցեր։

Նախարար Աշոտ Մանուկյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենին ներկայացրել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրի ընթացքը։ Կարևորվել է ԱԷՄԳ-ի դերը ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացման գործում, հաղորդում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը։

Սեպտեմբերի 18-22 Վիեննայում ընթանում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ։