26 սեպտեմբերի 2017 - 16:55 AMT
«Բռնությունը փոխարինենք սիրով». Երեխաների պաշտպանությանը նվիրված արշավը մեկնարկել է

Հայաստանում մեկնարկել է «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարի հնգամյա հանրային արշավը, որը համաշխարհային նույնաբովանդակ արշավի հայաստանյան նախաձեռնությունն է:

2015 թվականին աշխարհի առաջնորդները որոշում կայացրեցինք ստեղծել «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերությունը և մինչև 2030 թվականը վերացնել երեխաների հանդեպ բռնության բոլոր ձևերը՝ նպատակ ունենալով իրականություն դարձնել հետևյալ տեսլականը՝ «աշխարհ, որտեղ բոլոր երեխաները՝ աղջիկներն ու տղաները, մեծանում են բռնությունից և շահագործումից զերծ միջավայրում»:

Երեխաների հանդեպ բռնությունը բացասաբար է անդրադառնում երեխայի զարգացման, առողջության ու կրթության վրա: Այն միաժամանակ դանդաղեցնում է տնտեսական զարգացումը, վնասում երկրի մարդկային և սոցիալական կապիտալին:

Նպատակ ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետությունում երեխայի հանդեպ բռնության կանխարգելմանը, վերացմանը և բռնության ենթարկված երեխայի համակողմանի վերականգնմանը՝ 2017 թվականի փետրվարին Վորլդ Վիժն Հայաստան, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչություն, ՍՕՍ մանկական գյուղեր-Հայաստան, Հայաստանի մանուկներ հիմնադրամ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Երեխաների պաշտպանության ցանց, «Ընտանիք և համայնք» ՀԿ, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն», Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, միավորեցին իրենց ջանքերը՝ իրականացնելու այս արշավը:

Հանրային արշավի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում երեխայի հանդեպ բռնության կանխարգելմանը, վերացմանը և բռնության ենթարկված երեխայի համակողմանի վերականգնմանը:

Հանրային արշավի խնդիրներն են կանխարգելել և նվազեցնել Հայաստանում երեխաների հանդեպ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական բռնությունը, բարեփոխել օրենսդրությունը, նպաստել բռնության ենթարկված երեխայի համակողմանի վերականգնմանը, նպաստել երեխաների լիարժեք և ներդաշնակ զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը ընտանիքում, հանրակրթական հաստատություններում և հասարակության մեջ և այլն:

Երեխաների մասնակցությունը Հանրային արշավի իրականացման հիմնական սկզբունքներից մեկն է: Հանրային արշավի ամբողջ ընթացքում նախատեսվում է ապահովել երեխաների ակտիվ մասնակցությունը: Նախաձեռնող խումբը հոգ է տարել, որպեսզի երեխաները ներգրավված լինեն արշավի նաև նախամեկնարկային միջոցառումներում: Միևնույն ժամանակ նախաձեռնող խմբի անդամները պարտավորվում են արշավին երեխաների մասնակցության այնպիսի ձևերից, որոնք կարող են նրան տրավմատիկ հետևանքներունենալ երեխայի վրա, բացասաբար ազդել նրա հոգեվիճակի վրա։

Երեխաներն այս արշավի և՛ շահառուներն են, և՛ թիրախ խումբը, ինչպես նաև մասնակիցներն ու լուծումներ հուշողները: Երեխաների մասնակցության ապահովման հիմնական նպատակն է լսելի դարձնել երեխաների ձայնը, ինչպես նաև գործողությունները ծրագրել՝ հաշվի առնելով երեխաների կարծիքները, և իրականացնել դրանք՝ նրանց անմիջական մասնակցությամբ: