27 սեպտեմբերի 2017 - 11:19 AMT
Գիտնականներն իմացել են Քեոփսի բուրգի կառուցման գաղտնիքը

Մի խումբ հետազոտողներ ամերիկացի հնագետ Մարկ Լեների ղեկավարությամբ հին մագաղաթ են հայտնաբերել, որտեղ նկարագրված է Քեոփսի բուրգի կառուցման ընթացքը: Մասնավորապես փաստաթղթում բացահայտվում է, թե ինչպես են եգիպտացիները 2,5-տոննայանոց բլոկեր տեղափոխել 800 կմ հեռավորության վրա:

Հեղինակը, որը 40 աշխատողների հսկիչն է եղել, նկարագրում է, թե ինչպես են եգիպտացիները ջուրը տարել Նեղոսից և Գիզայի բարձրավանդակով անցնող արհեստական ջրանցքներ փորել: Շինարարներն օգտագործել են փայտե նավակներ, որոնք միացրել են ճոպաններով, և տեղափոխել են բլոկերը ջրանցքների համակարգով գրեթե մինչև բուրգի հիմքը, գրում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով:

Մագաղաթից բացի, հայտնաբերվել են նաև ծիսական նավակի մնացորդներ, որը խորհրդանշում է Քեոփսի իշխանությունն անդրշիրիմյան աշխարհում: Եռաչափ լազերային սկանավորումը թույլ է տվել որոշել, որ տախտակներն ամրացված են եղել պարաններով:

Ըստ գիտական տվյալների, բուրգերի ներքին պատերի համար օգտագործված գրանիտն արդյունահանվել է Ասուանում, որը Գիզայից 800 կմ դեպի հարավ էր գտնվում, իսկ կրաքարը՝ Տուրայից, որը շինարարության վայրից 12 կմ հեռավորության վրա էր: