8 փետրվարի 2008 - 17:12 AMT
ՆԱՏՕ-ն հիմք է գտել Կոսովոյում իր ներկայության համար
Կոսովոյի վերաբերյալ 1244 բանաձեւը հիմք է հանդիսանում երկրամասում ՆԱՏՕ-ի ներկայության համար: Այդ մասին Վիլնյուսում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: «Ըստ 1244 բանաձեւի ՆԱՏՕ-ի դիրքորոշումը հիմք կհանդիսանա երկրամասում Դաշինքի ներկայության համար մինչեւ որ ՄԱԿ-ի ԱԽ-ն մեկ այլ բանաձեւ չընդունի»,-ասել է Յաապ դե Հոոպ Սխեֆերը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն պետք է «աջակցի երկրամասում կայունության հաստատմանը»: «Մենք դեռեւս կարգավիճակ չունենք Կոսովոյում, սակայն ունենք պատասխանատվություն»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Վիլնյուսում բացվել է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների երկօրյա ոչ ֆորմալ հանդիպումը: Համաժողովի օրակարգը նախատեսում է Վիլնյուսի համաժողովի հինգ հիմնական ուղղություններ` Հյուսիսատլանտյան դաշինքի, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի, Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստեր, կարծքիների փոխանակում ՆԱՏՕ-Կոսովո, ՆԱՏՕ-Աֆղանստան խնդիրների շուրջ: Համաժողովի հիմնական նպատակը դաշինքի ղեկավար Յաապ դե Հոոպ Սխեֆերը համարում է «ՆԱՏՕ-ի անդամների կողմից Աֆղանստանում անվտանգության ամրապնդման համար պատասխանատության խորը գիտակցումը»: Նրա խոսքերով, անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ երկրում դաշինքի գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Ոչ պակաս կարեւոր է, որ ՆԱՏՕ-ի դերը չթուլանա նաեւ Կոսովոյի խնդրի կարգավորման հարցում, ընդգծել է Սխեֆերը: