28 սեպտեմբերի 2017 - 17:07 AMT
Երևանի 2800-ամյակի միջոցառումները հատուկ հանձնաժողով կկազմակերպի

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին:

«Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստելու և կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ ստեղծել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի»,-ասված է նախագահի հրամանագրում:

Հրամանագրով ՀՀ կառավարությանը հանձնարարվում է Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ իրականացումը:

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովին հանձնարարվվել է` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, հաստատել հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը»:

Հրազդան գետի վրա կառուցվում է 252 մ երկարությամբ կամուրջ, որը կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին: Այս հատվածի շինարարական աշխատանքներն իրականացնում է միջազգային մրցույթում հաղթած իտալական փորձառու կազմակերպությունը: