Հայկական նոր ստարտափը՝ Dinebook-ը, Երևան քաղաքի ռեստորաններում ու սրճարաններում սեղանների ամրագրման համակարգ է, որը նաև յուրատեսակ ուղեցույց է քաղաքի սննդի կետերի առաջարկների, նորությունների վերաբերյալ։
Հավելվածի հետ արդեն իսկ երևանյան բազմաթիվ սրճարաններ, պիցերիաներ ու ռեստորաններ են գործակցում:
Երբ ուզում ես որևէ տեղ գնալ և լիցքաթափվել, հաճախ առաջանում է նախապես սեղան պատվիրելու անհրաժեշտություն: Dinebook-ը կօգնի գտնել քեզ շրջապատող ամենամոտիկ ռեստորանները, իմանալ անհրաժեշտ տեղեկություն նախքան ռեստորանում հայտնվելը՝ հասցե, վարկանիշները, մենյու, գնային միջակայքը, կարծիքներ: Բացի այդ, հավելվածի միջոցով հնարավոր է պատվիրել սեղան 9:30-ից մինչև 23:00-ը, ինչպես նաև՝ հավաքել հավատարմության միավորներ և օգտագործել դրանք հաշիվը վճարելիս։
Ուղղակի պետք է ընտրել ամսաթիվը, ժամը, մարդկանց քանակը սեղանի համար և կառավարել ամրագրման ընթացքը։
«Այս ամենը շատ հեշտ է, արագ և անվճար»,- խոստանում են հեղինակները։
Dinebook-ը ռեստորանների համար
Dinebook Management-ի օգնությամբ հնարավոր է արդյունավետ հետևել և կառավարել հաճախորդների հոսքը։ Համակարգը ներառում է տվյալների բազայի վերլուծություն և վերահսկողություն, ինչպես նաև օգնում է տարբերակել ազատ, պատվիրված և զբաղված սեղանները ռեստորանում։