29 սեպտեմբերի 2017 - 18:26 AMT
Բրիտանական մամուլ․ Մխիթարյանն ազդել է Իբրահիմովիչի հետ նոր պայմանագիր կնքելու որոշման վրա

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է համաշխարհային մասշտաբի աստղ, ով արդեն անուղղակիորեն ազդում է ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա։ Այս մասին է գրում Manchester Evening News-ը։

Ըստ հրապարակման, Մխիթարյանի պրոգրեսն ու ինքն անձամբ ազդել է վնասվածքից հետո ակումբը լքած Զլաթան Իբրահիմովիչի հետ նոր պայմանագիր կնքելու որոշման վրա։ «Իբրահիմովիչը հայտարարել էր անցած ամիս, որ այս շրջանը Մխիթարյանի շրջանն է լինելու, ու նրանք ջերմ հարաբերություններ ունեն։ Նրանք ծանոթացել էին ընդհանուր ագենտ Ռայոլայի միջոցով ու երկար ժամանակ են անցկացրել միմյանց ընտանիքների հետ, լավ ընկերություն հաստատելով», - նշում է պարբերականը։

Իբրահիմովիչն այն քիչ խաղացողներից է, ում կարծիքը նշանակություն ունի Մոուրինյուի համար․ այժմ այդ ազդեցությունը «փոխանցվել է» Մխիթարյանին։ Պարբերականը հիշեցնում է ակումբի մարզիչի խոսքերն այն մասին, որ այժմ նա ու Մխիթարյանը շատ ավելի լավ են հասկանում իրար։ «Մխիթարյանի դերն այնքան կարևոր է, որ Մոուրինյուն հանգիստ է տալիս նրան «Քրիսթալ փելեսի» հետ խաղից առաջ», - նշում է պարբերականը։