29 սեպտեմբերի 2017 - 19:13 AMT
ԿԱՐԾԻՔ
Չստացված համերգների երկիր՝ Հայաստան. Էլ ո՞վ չի գա այստեղ համերգով, և որոնք են դրա հետևանքները

Չեղարկվող համերգներն արդեն այնքան շարքային երևույթ են Հայաստանի համար, որ մարդիկ կայանալիք նոր համերգի մասին լուրերն ընդունում են «ֆեյսփալմով» և «տեսնենք՝ էս անգամ ում չեն բերի» արտահայտությանբ: Եվ, ցավոք սրտի, հիմնականում չեն սխալվում:

Միայն վերջին 2 տարվա մեջ Հայաստանում չեն կայացել Իրինա Ալեգրովայի, «Լենինգրադ» խմբի, Էրոս Ռամազոտիի, «Ռուկի վվերխ» խմբի համերգները: Իսկ վաղը՝ սեպտեմբերի 30-ին, չի կայանա ևս մեկ համերգ՝ այս անգամ ելույթ չեն ունենա ռուսաստանցի ռեփեր Kravz-ը և ուկրաինացի երգիչ, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր Monatik-ը:

Դեպքերի մի մասում համերգների չկայանալու մասին լուրերը նույնիսկ ուրախացնող են (ախր, ի՞նչ «Ռուկի վվերխ», ̶ո̶վ̶ ̶կ̶մ̶տ̶ա̶ծ̶ե̶ր̶,̶ ̶ո̶ր̶ ̶Ժ̶ո̶ւ̶կ̶ո̶վ̶ը̶ ̶դ̶ե̶ռ̶ ̶ո̶ղ̶ջ̶ ̶է̶), սակայն հիմնականում տապալվող համերգները լուրջ հետևանքների են հանգեցնում: Նախ և առաջ՝ կորում է հանդիսատեսի վստահությունը. թերևս առաջին ամենամեծ ալիքը բարձրացավ 2016-ին, երբ «Ֆորպոստարտ» ընկերությունը Ռամազոտիից սկսեց համերգները չեղարկելու իր փոքրիկ «բարի» ավանդույթը: Դրանից հետո Հայաստանում սպասվող ամեն համերգի ֆեյսբուքյան էջում՝ անկախ այն հանգամանքից, որ համերգն այլ ընկերություն է կազմակերպում, մարդիկ մեկնաբանություններում իրենց դժգոհություններն էին հայտնում, իսկ ոմանք նույնիսկ պահանջում էին «վերադարձնել հին համերգի փողերը, նոր կազմակերպել նորը»: Նորից եմ կրկնում՝ դա անում էին նույնիսկ այլ կազմակերպիչների և տապալված համերգների հետ կապ չունեցող միջոցառումների մեկնաբանություններում: Այսինքն, մարդկանց մեծ մասին մեկ է դառնում՝ ով է կազմակերպում համերգը, ում համերգն է դա. նրանք վստահ են, որ այն չի կայանա, և նրանց ուղղակի խաբում են: Դա իր հերթին դժվարեցնում է բոլոր համերգ կազմակերպող ընկերությունների աշխատանքը, առանց այդ էլ մեզ մոտ այդ ոլորտը վատ է զարգացած:

Քիչ, որ մեզ մոտ համերգները չեն հովանավորվում պետության կողմից և կազմակերպվում են մասնավոր ընկերությունների փողերով, բնակչության քանակը փոքր է, իսկ պոտենցիալ համերգի գնացողները միշտ չէ, որ գումար ունեն, Հայաստանն էլ գտնվում է շրջափակման մեջ և Վրաստանի պես չի կարող ակնկալել, որ համերգներին կժամանեն հարևան երկրներից, դեռ մի բան էլ՝ հավատը կորցրած մարդիկ չեն շտապում գնել նոր համերգների տոմսեր, սպասում են վերջին օրերին, որ համոզվեն, որ համերգը կկայանա: Իսկ կազմակերպիչներն էլ, իրենց հերթին՝ տեսնելով, որ տոմսերը մինչև վերջին օրերը չեն վաճառվում, չեղարկում են համերգը: Եվ խաբելու ու խաբվելու այդ ցիկլը կրկնվում է:

Շուկայում այսօր 1-2 ընկերությունների է դեռ հաջողվում քիչ թե շատ վստահություն վայելել, հատկապես դժվարանում է սկսնակ կազմակերպիչների գործը: Իսկ երբ խոսքը գնում է տասնյակ հազարավոր դոլարների մասին, որոնք կարելի է կորցնել միայն նախորդների սխալների պատճառով, իհարկե, քչերը կհամարձակվեն որևէ բան կազմակերպել երկրում: Այդ իսկ պատճառով մեզ մոտ օր-օրի անկում է ապրում այդ ոլորտը, և մենք շարունակում ենք նախանձով նայել հարևան վրացիներին, որոնք պետության աջակցությամբ միջազգային աստղերի են բերում երկիր՝ լցնելով մեծ դահլիճներ (ի դեպ, վերջերս, ̶ի̶ ̶ո̶ւ̶ր̶ա̶խ̶ո̶ւ̶թ̶յ̶ո̶ւ̶ն̶ ̶մ̶ե̶զ̶, Վրաստանում հետաձգվեց Էլթոն Ջոնի համերգը, բայց դա զանգվածային խռովությունների պատճառ չդարձավ):

Նման պայմաններում հասկանալի չէ՝ ինչպես դուրս գալ այս արատավոր շրջանից, որ թե՛ ընկերությունները չսնանկանան, թե՛ մարդիկ իրենց խաբված չզգան ու սկսեն վստահել, թե՛ նոր համերգներ կայանան (ցանկալի է՝ ոչ Լեպս ու Ալեգրովա), պարզ է միայն, որ անհրաժեշտ է պետության ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը: Հայաստանցի հանդիսատեսին ուղղակի օդի պես անհրաժեշտ է մի քանի մեծ, լավ կազմակերպված, որակյալ ու ամենակարևորը՝ կայացած համերգ, իսկ դա այժմ, քիչ թե շատ վստահություն վայելելով, կարող է անել միայն պետությունը, ուստի սպասենք մշակույթի նախարարության քայլերին, ի վերջո, միայն դասական համերգներ կազմակերպելով չէ, մարդիկ ուրախանալ են ուզում, իսկ Մշնախը, ինչպես տեսնում ենք, ժամանակի հետ համընթաց քայլելու խնդիրներ ունի:

Յուլիաննա Լալաբոկովա / PanARMENIAN.Net