30 սեպտեմբերի 2017 - 14:01 AMT
Ադրբեջանցի զինվորը Նախիջևանում սպանել է 3 ծառայակցի և փախել

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլին սպանել է 3 ծառայակցի և փախել:

Ծառայակիցներին սպանած զինծառայողը Սադարակ գյուղի բնակիչ Ջալիլբեյլի Բահրուզ Փերվիզ օղլուն է, nրին գտնելու մասին տեղեկություններ դեռևս չկան, հայտնում է Razm.info-ն ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV-ի վրա հղումով:

Սպանված զինծառայողներն են Սիյազանի շրջանի բնակիչ, ավագ լեյտենանտ Աբբասով Նահիդ Ղարիբ օղլուն, Գարադաղի շրջանի Սահիլ գյուղի բնակիչ Շերիֆլի Էլվին Էլշան օղլուն և Շարուրի շրջանի Դյուդանգա գյուղի բնակիչ, 1993-ին ծնված Աղաև Վյուսալ Ռաֆիգ օղլուն: Լրատվակայքը հայտնում է, որ սպանված զինծառայողներից Էլվին Շերիֆլիի հարազատները հաստատել են տեղեկությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել այս միջադեպի մասին:

Ըստ Meydan TV-ի՝ Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության համակարգում 2017-ի առաջին 9 ամիսներին մահացել է առնվազն 53 զինծառայող:

2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 48 մահացած զինծառայողի անուն, իսկ 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ: Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։