2 հոկտեմբերի 2017 - 16:22 AMT
«Էրեբունի-Երևան 2799» սոցբաղադրիչ-ծրագիրը սկսվել է

Մայրաքաղաքի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում 2017-ին արդեն չորրորդ անգամ մեկնարկել է սոցիալական բաղադրիչ-ծրագիրը, որի ընթացքում սոցիալական և հասարակական ամենատարբեր խմբերում ներառված 2799 ընտանիքներ կստանան անհրաժեշտ կենցաղային տեխնիկա:

Ծրագրի առաջին օրվա ընթացքում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում ընտանիքների մի մասն արդեն ստացել է Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներն ու կենցաղային տեխնիկան:

«Ցուցակները կազմելիս մենք արել ենք հնարավորը, որպեսզի բացառենք նախորդ տարիների հետ կրկնությունները: Նաև հաշվի են առնվել բնակիչների առաջարկները»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Շահառու ընտանիքների անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել և ողջունել են Երևանի քաղաքապետարանի հերթական ծրագիրը՝ ուղղված մայրաքաղաքի սոցիալական տարբեր խմբերին: