3 հոկտեմբերի 2017 - 12:35 AMT
ԱԺ-ում քննարկում են ԵՏՄ-ից ՀՀ դուրս գալուն առնչվող ԵԼՔ-ի նախագիծը

Ազգային ժողովում սկսել են քննարկել առաջնահերթ համարվող ԵԼՔ դաշինքի ներկայացրած ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը։

«ԵԼՔ-ը, որպես բազմակարծությունը և քննարկման ուղին գնահատող ուժ, ինքը հակափաստարկների ակտիվ փնտրտուքի մեջ է», -ասել է ԵԼՔ խբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հիմնավորելով նախագիծը առաջնահերթ լինելը, հայտնում է Aysor.am-ը:

Նախագծի քննարկման համար, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, հատկացվում է իննսուն րոպե։

Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցությունը սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԵՏՄ-ից (Եվրասիական տնտեսական միությունից) Հայաստանի դուրս գալու գործընթաց սկսելու նախաձեռնությունը:

ԵԼՔ-ի նախագծում որպես հիմնավորում նշվում է, որ ԵՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են։