6 հոկտեմբերի 2017 - 17:17 AMT
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին:

Հանդիպման մասնակիցները կարևորել են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ համանախագահներին ընդունել էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերն իր առաջին տարածաշրջանային այցը սկսել էր Արցախից: Հոկտեմբերի 4-ին նրան ընդունել էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Նախագահ Բակո Սահակյանի հետ մեր հանդիպումը շատ արդյունավետ է եղել և մենք քննարկել ենք հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր»,- նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը: