7 հոկտեմբերի 2017 - 10:56 AMT
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը կարևորում է երկկողմ բացառիկ հարաբերությունների խորացումը

Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոթին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան և հույս հայտնել, որ Ջոնաթան Լաքոթն իր գործունեությամբ կնպաստի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Լաքոթը վստահեցրել է, որ հնարավոր ջանքերը կներդնի հայ-ֆրանսիական բացառիկ հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման նպատակով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներոում փոխգործակցությանը, ամուր իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնմանը, միջխորհրդարանական ակտիվ շփումներին, ապակենտրոնացված համագործակցությանը, կրթական և մշակութային բազմաբնույթ կապերին։ Երկուստեք կարևորվել է ֆրանսահայ համայնքի արժեքավոր դերակատարությունը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործընթացում։

Հայաստանի արտգործնախարարն ու Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական համագործակցության, Հայաստանում ֆրանսիական ներդրումների ծավալների ավելացմանն առնչվող հարցերի շուրջ։

Հանդիպման օրակարգում էին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը և Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Մտքեր փոխանակվեցին հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Ֆրանսիայի դերակատարությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։

Նոր դեսպանը 7 լեզվի է տիրապետում՝ ֆրանսերենի, գերմաներենի, ռուսերենի, իսպաներենի, էստոներենի, հունգարերենի, սերբախորվաթերենի:Լաքոթը մինչ նոր նշանակումը աշխատել է Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանատանը որպես խորհրդական։