7 հոկտեմբերի 2017 - 15:51 AMT
ՀՀ և ԼՂ ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումները

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Մասիս Մայիլյանը կարևորել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարների միջև պարբերական հանդիպումների անցկացումը և կարծիքների փոխանակումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ:

Արտգործնախարարներն արծարծել են Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:Ավելի վաղ համանախագահներին ընդունել էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերն իր առաջին տարածաշրջանային այցը սկսել էր Արցախից: Հոկտեմբերի 4-ին նրան ընդունել էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Նախագահ Բակո Սահակյանի հետ մեր հանդիպումը շատ արդյունավետ է եղել և մենք քննարկել ենք հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր»,- նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը: