9 հոկտեմբերի 2017 - 13:44 AMT
Ռուսական ԶԼՄ. Ինչու գեղեցիկ աղջիկները չպետք է ՀՀ այցելեն՝ չեն առևանգի և սարերը չեն տանի...

Զբոսաշրջության մասին գրող «Տոնկոստի տուրիզմա» ռուսական պարբերականը հոդված է հրապարակել՝ 5 ծանրակշիռ պատճառ թվարկելով, թե ինչու «գեղեցիկ կանանց կտրականապես չի կարելի Հայաստան այցելել»:

Ինչպես գրում է պարբերականը, նրանց չեն առևանգի և սարերը չեն տանի՝ վերաբերմունքը զբոսաշրջիկների հանդեպ Հայաստանում ավելի քան հարգալից է: Ըստ արևելյան ավանդույթների, ասվում է հոդվածում, հյուրին նեղացնողը անհաջողության կմատնվի: Սակայն, գեղեցիկ աղջիկներն, այնուամենայնիվ, ավելի լավ է հրաժարվեն Հայաստան այցելելուց, քանի որ.

1. Աստվածային կերակուրները վտանգավոր են կազմվածքի համար: Ասել, որ Հայաստանում համեղ ու շատ են կերակրում, նշանակում է ոչինչ չասել՝ միայն նախաճաշին մինչև 8 ուտեստ է առաջարկվում: Իսկ հետո ցուցակով՝ ախորժալի խաշ, հյութեղ խորոված, մրգային լավաշ, մուրաբայի 30 տեսակ: Մի խոսքով՝ կազմվածքի մասին հարկ կլինի ժամանակավորապես մոռանալ:

2. Աշխարհի ամենահամեղ նռան գինին հյութի պես է խմվում, ինչպես նաև կոնյակը: Դիմադրել դրան անհնար է: Նույնիսկ եթե երկաթե կամք ունեք: Նույնիսկ եթե դուք ալկոհոլ չեք խմում, միևնույն է՝ գոնե մի կում կփորձեք, իսկ փորձելով, չեք կարողանա կանգ առնել:

3. Չափազանց հագեցած ծրագիր կլինի: Տեղացիների խառնվածքն այնպիսին է, որ գիշերային Երևանով կամ լեռնային կիրճերով զբոսանքների առաջարկություններ կստանաք ամենուր՝ հյուրանոցի զբոսավարից, լեռնադահուկային բազայի աշխատակցից, պատահական անցորդներից: Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ դա ինչ-որ հետին մտքով արվի: Հայերը պաշտում են իրենց երկիրն ու ցանկանում են, որ դուք էլ հմայվեք երկրի գեղեցկությամբ:

4. Կհոգնեք հաճոյախոսություններից: «Անհուն աչքեր, որտեղ կարելի է խեղդվել» արտահայտությունն ուղղակի մանկական դարձվածք կթվա այն ամենի համեմատ, ինչ կլսեք տեղացի տղամարդկանցից, որոնք գիտեն գնահատել կնոջ գեղեցկությունը:

5. Էժան քաղցրավենիքի հսկայական ընտրություն, որոնք էլ ոչ մի տեղ չես հանդիպի: Ավաղ, Արարատի հովանու ներքո հարկ կլինի հրաժեշտ տալ ոչ միայն բարետես կազմվածքին, այլ նաև քաղցրավենիքի վրա ծախսվող գումարներին:

Եվ որպես եզրակացություն հոդվածի հեղինակը գրում է, որ այդ ամենն իր վրա է զգացել՝ հավելելով, որ ևս մեկ անգամ Հայաստան կայցելեր: