Հարևանների հետ վարվող Իրանի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանի Հանրապետությունն ունի իր հատուկ տեղը: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին Թեհրանում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո:
Նա հավելել է, որ Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
«Մենք Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության համար որևէ սահմանափակում չունենք, և ՀՀ մեծարգո վարչապետի այցը երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման տեսակետից կարող է հատուկ դեր ունենալ: Քանի որ ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության անդամ է և լավ հարաբերություններ ունի Եվրոպական միության հետ, ապա այս հարթակը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար կարող է դրական լինել: Այն ընկերությունների համար, որոնք զբաղված են տրանսպորտի կապալառու գործունեության, շինարարության և տնտեսության տարբեր բնագավառներում, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պայմաններ կստեղծվեն՝ նրանց ակտիվության ընդլայնման նպատակով: Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը», ասել է Ջահանգիրին:
Նա հավելել է, որ էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագրի շրջանակում ունենք երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունը, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են խթան հանդիսանալ համագործակցության զարգացման համար:
«Կարծում եմ, որ մասնավոր հատվածի մեր ներկայացուցիչները կարող են օգտվել ստեղծվող պայմաններից, երկու երկրներում ազատ տնտեսական գոտիների առկայությունը նույնպես կարող է գործարար շրջանակների համագործակցության զարգացման խթան հանդիսանալ», ասել է Իրանի առաջին փոխնախագահը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին նշել է, որ շատ կառուցողական և առարկայական հանդիպումներ եղան՝ վերահաստատելով, որ համակարծիք է Ջահանգիրիի ներկայացրած նյութի հետ: «Մենք ամրագրել ենք, որ շահագրգռված ենք իրանական բիզնեսի, կապիտալի՝ Հայաստան ներգրավվելու հարցում, այն արտոնյալ ռեժիմները, որ ունի Հայաստանը՝ պատրաստ ենք բաց տրամադրել մեր իրանական գործընկերներին, երկկողմ հաստատել ենք, որ պատրաստակամ ենք մեծացնել հայ-իրանական հարաբերությունների ծավալները և հաստատակամ ենք վերացնել այդ ճանապարհին առաջացած խոչընդոտները, խոսել ենք տարածաշրջանային հնարավոր համագործակցության մասին:
Շնորհակալություն ենք հայտնել մեր իրանական գործըկներներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերած դիրքորոշման համար: Կարծում եմ, որ մեր գործընկերները հստակ հասկացել են ինչ պետք է անել այլ հարթակներում, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովում, և պարոն Ջահանգիրիին մեծ սրտով հրավիրել ենք Հայաստան, որտեղ մենք պատիվ կունենանք ամփոփելու այն ժամանակահատվածը, որն այս այցից հետո մեր գործընկերների հետ համատեղ կանցնենք»,-ասել է նա:
Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են նաև մի շարք համաձայնագրեր: Մասնավորապես, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն հայկական կողմից ստորագրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին:
Հայաստանի մշակույթի նախարարության և ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարարության միջև ստորագրվել է մշակութային և գեղարվեստական փոխանակումների 2017-2020 թթ. ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Աբբաս Սալեհին:
Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանն ու Մահմուդ Հոջադին ստորագրել են անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: