11 հոկտեմբերի 2017 - 16:52 AMT
Խնձորեսկում ֆունիկուլյոր կկառուցվի. Ավելի քան $6 մլն կներդրվի

Խնձորեսկ գյուղում ֆունիկուլյոր կկառուցվի: Ֆունիկուլյորի կառուցման սկզբնական փուլում ներդրումները կկազմեն 6.100.000 դոլար։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայությամբ, «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի և «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի (Doppelmayr Garaventa Group) վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» (Garaventa AG) շվեյցարական ընկերության միջև պայմանագիր է ստորագրվել։

Այս նպատակով հոկտեմբերի 6-8-ը Հայաստանում էին «Գարավենտա ԱԳ» ընկերության մարքեթինգի և վաճառքների մասով նախագահ Ֆիլիպ Բիները և վաճառքների գծով տնօրեն Թոմաս Կուրտը:

Պայամանագրով նախատեսվում է Խնձորեսկ գյուղում, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի ծրագրի զարգացման շրջանակներում, «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի կողմից ֆունիկուլյորի կառուցում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարևորել է պայմանագրի ստորագրումը և ծրագրի իրականացումը Սյունիքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և գրավչության բարձրացման համատեքստում, ասվում է նախարարության մամուլի ասուլիսում:

Ֆունիկուլյորը ճոպանաքարշով ռելսուղի է, որը նախատեսված է կտրուկ վերելքով ուղևորների և բեռների փոխադրման համար։ Կիրառվում է քաղաքներում, առողջարանային կենտրոններում, ինչպես նաև լեռնային շրջաններում, արդյունաբերական ձեռնարկություններում։ Ֆունիկուլյորը կարող է լինել մեկ կամ երկու վագոններով (առավել տարածված)։ Ռելսուղին միալար է, մեջտեղում՝ ուղեբաժանքով։