12 հոկտեմբերի 2017 - 11:48 AMT
Վարչապետը կարևորում է համայնքային ծառայությունները մեկ պատուհանով սպասարկելը

Վարչապետ Կարեն Կարապետյանը համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ կառավարության նիստում հանձնարարականներ է տվել։ Կարապետյանն ասել է, որ արդեն իսկ գործարկվել է համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոն, հայտնում է Aysor.am-ը։

«Մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացող համայնքներում բազմաֆունկցիանալ համայնքային սպասարկման կենտրոններ ձևավորելու ուղղոթյամբ», - ասել է վարչապետը, ապա նշել, թե կարևորում է համայնքային ծառայությունները մեկ պատուհանով սպասարկելը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և պետական գույքի կառավարման վարչության պետին վարչապետը հանձնարարել է տասնօրյա ժամկետում մշակել և կառավարություն ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոնների նույն հարթակում կազմակերպելու նպատակով առաջարկներ։

Արտեմ Ասատրյանին վարչապետը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետության բաձրացման ուղղությամբ և ամսական պարբերականությամբ դրանց մասին տեղեկատվություն ներկայացնել կառավարություն:

Կարեն Կարապետյանն ասել է, որ այստեղ ունենալու են ֆինանսական միջոցների օպտիմալացում և տնտեսվող միջոցներն ուղղելու են տեխնիկական վերազինմանը։