12 հոկտեմբերի 2017 - 12:53 AMT
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ. Հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով

Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Նա հավելել է նաև, որ եթե ՀԱՊԿ անդամ ինչ-որ պետություններ համագործակցում են ՀՀ հակառակորդների հետ, ապա այդ պետություններում կան ինստիտուտներ ու ղեկավարներ, ովքեր խորապես ու լրջորեն գնահատում են իրավիճակը, հայտնում է Aysor.am-ը:

«Գլխավոր խնդիրն է պահպանել որոշակի հավասարակշռություն, իսկ հնարավոր է հետագայում նաև կարգավորել այն հակամարտությունը, որը կա: Արդեն ասել եմ, որ տարատեսակ կառույցների տարատեսակ գործողությունների շնորհիվ, ամեն դեպքում, կլինի խաղաղություն: Այլ տարբերակ հնարավոր չէ: Չնայած, որ ես ուսադիրներով եմ՝ լիովին վստահ եմ, որ այս հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, այլ կերպ հնարավոր չէ», - ասել է Անատոլի Սիդորովը:

Ինչ վերաբերում է ՀՀ հակառակորդին զենք մատակարարելուն, ապա գեներալ-գնդապետը նշել է. «Իսկ այն, որ զենք է մատակարարվում, դե հասկանում եք՝ կա ռուսական ասացվածք, որի իմաստն այն է, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, այնպես որ, եթե տրամադրված են զենք ունենալ, նրանք կունենան: Ինչ-որ տեղ միգուցե որոշակի դրական բան էլ կա դրանում, - ասել է նա: