12 հոկտեմբերի 2017 - 14:23 AMT
Նախարար. Միասնական երթուղային ցանց է մշակվում՝ պիլոտային ծրագիրը կմեկնարկի 1-2 ամսից

Հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց: Առաջարկը կառավարության նիստում ներկայացրել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Դրա շրջանակներում, ըստ նախարարի, հնարավոր կլինի արդյունավետ ուղևորափոխադրում կազմակերպել գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև՝ դեպի Երևան, հայտնում է Aysor.am-ը:

Արձագանքելով նախագծին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, թե տրանսպորտային ցանցը պետք է այնպես առաջարկել, որ բնակավայրերը դուրս չմնան քարտեզից.«Նախատեսում ենք տրամաբանական ցանց կառուցելուց հետո երկարատև պայմանագրեր կնքել, որպեսզի ներդրողը համոզված լինի, որ երկարատև աշխատանք ունի, ներդրում կատարի, նորմալ տրանսպորտ բերի»։

Նախարարը նշել է նաև, որ օրենքն ընդունելուց հետո մարզերից մեկում պիլոտային ծրագիր կիրականացնեն և մրցույթ կհայտարարեն։ Կուսումասիրվի պիլոտային ծրագիրը, դրա դրական և բացասական կողմերը:

Վարչապետը հետաքրքրվել է նաև նախատեսվող ժամկետներով, ինչին ի պատասխան Վահան Մարտիրոսյանն ասել է, որ առաջիկա 2-3 ամսում կիրականացվի պիլոտը, իսկ ցանցը՝ ավելի խորը ուսումնասիրելուց հետո: «Ժամկետներ դժվարանում եմ նշել, բայց երևի մեկ տարվա մեջ», - ասել է Վահան Մարտիրոսյանը։

«Չէ: Առաջին «կվարտալի» վերջ պիլոտային արդյունքների հիման վրա մենք ցանցը նայում ենք: Այդտեղ բարդ բան չկա», - արձագանքել է վարչապետը։