12 հոկտեմբերի 2017 - 17:06 AMT
ԱՄՆ գեներալ. Հայ զինվորներն անձնվեր են և վարժված

Հայ զինվորները անձնվեր են և վարժված: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Տաֆանելլին:

«Հայաստանի զինվորները վարժված են, նրանք շատ անձնվեր են, միշտ պատրաստ յուրացնելու նոր գիտելիքներ և կիսվել սեփական գիտելիքներով մյուսների հետ», ասել է նա «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում:

Գեներալի խոսքով, արդեն երկու տարի շարունակ Հայաստանից Կանզաս զինվորականների մեկ ջոկատ է ժամանում, հայ զինվորները ապրում ու վարժանքներ են անցնում ամերիկացի զինվորականների կողքին. «Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին հզորացնել պաշտպանությունը մի շարք ոլորտներում, այդ թվում և արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում»։

Գեներալ Տաֆանելլիի խոսքով, Միացյալ Նահանգներն օգնում է հայ զինվորներին համապատասխանել ՆԱՏՕ-ի զորքերի բարձր չափանիշներին.«ԱՄՆ-ի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև ժողովրդավարության և ազատ շուկայական հարաբերությունների հաստատում»:

Ամերիկացի գեներալը նշել է, որ ՀայաստանիանդամակցությունըՀԱՊԿ-ինորևէ կերպ չի խանգարում համագործակցություն զարգացնել Հայաստանի հետ.«Այդ փաստը երբեք չի խոչընդոտել համագործակցության մեր ծրագրերին, իսկ մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ»:

Հայաստանի հետ համագործակցության գործում Կանզասի Ազգային գվարդիան որևէ կերպ կաշկանդված չէ նաև Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայությամբ, նշում է Լի Տաֆանելլին.«Կանզասի Ազգային գվարդիայի համար Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը որևէ կերպ խոչընդոտ չի հանդիսացել Հայաստանի հետ մեր գործընկերության համար»:

Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարի խոսքով, առաջիկայում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու է զարգանալ.«Իրոք շատ հետաքրքիր է հետևել այս գործնական և անձնական սերտ հարաբերությունների կայացմանն ու ամրապնդմանը և կարծում եմ, համագործակցության ծրագրերի հաջողության գաղտնիքը հենց այստեղ է: Հենց դա է ամենակարևոր ապագայի ներդրումը»:

Հայաստանն ու ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիան ունեն 14 տարվա համագործակցության պատմություն: Պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը կենտրոնացած է հիմնականում մարդասիրական ոլորտում: Ամերիկացի զինվորականները Հայաստանում նույնիսկ ծերանոցներ են վերանորոգում: Համագործակցության ոլորտներն ընտրում է Հայաստանը: Միացյալ Նահանգները օգնում է պատրաստել և զինել Հայկական բանակի բժիշկների և խաղաղապահների: