13 փետրվարի 2008 - 19:08 AMT
Հայաստանն ու Իրանը գոհ չեն երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալից
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետը նախ շնորհավորել է պրն Սաղայիանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վստահություն հայտնելով, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները նրա պաշտոնավարման շրջանում եւս նույն հաջողությամբ կշարունակեն զարգանալ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Իրանը Հայաստանի համար եղել եւ շարունակում է մնալ կարեւոր երկիր, որի հետ բարեկամությունն ու համագործակցությունը պատմական խորը արմատներ եւ հարուստ ավանդույթներ ունեն, ինչը պարտավորեցնում է համադրել եւ ավելացնել ջանքերը` արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող համատեղ ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու եւ փոխշահավետ նոր նախաձեռնություններով հանդես գալու:
Սեյեդ Ալի Սաղայիանը Սերժ Սարգսյանին է փոխանցել Իրանի առաջին փոխնախագահ պարոն Դավուդիի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ մինչեւ դեսպանի պաշտոնում նշանակվելը, բազմիցս եղել է Հայաստանում, ծանոթ է մեր երկրում ընթացող զարգացումներին եւ պատրաստակամ է առավելագույն ջանքեր գործադրել երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա սերտացման համար:
Զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները` հատկապես էներգետիկայի, տրանսպորտի բնագավառներում բավականին դինամիկ են զարգանում, մեծ հնարավորություններ կան նաեւ գիտության, տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում գործակցությունը զարգացնելու համար: Գոհունակություն հայտնելով երկկողմ տնտեսական հարաբերությունների մակարդակից, վարչապետ Սերժ Սարգսյանը եւ դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանն ընդգծել են, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը դեռեւս չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին եւ առկա ներուժին: Նրանք կարեւորել են այդ ուղղությամբ եւս երկուստեք գործուն քայլերի իրականացումը:
Հանդիպման ավարտին վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երկու երկրների միջեւ բազմաբնույթ հարաբերությունների հետագա խորացմանը միտված` դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի ջանքերին: