12 հոկտեմբերի 2017 - 20:24 AMT
Մասիսում գյուղացիները կոտրել են կոյուղին՝ դաշտերը ոռոգելու նպատակով

Մասիս քաղաքի ու շրջակա բնակավայրերի բնակիչները կոտրել են կոյուղաջրերի հեռացման համակարգի խողովակները, ավազի պարկերով ծածկել դիմացը, որպեսզի ջուրը նստվածքներից առանձնանա, բարձրանա, և այդ ջրով իրականացրել գյուղատնտեսական դաշտերի և այգիների ոռոգում։

Այս մասին է հայտնում բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Բացի այդ, պարզվել է, որ տվյալ տարածքում գործող ձեռնարկությունների արտադրական արգասիքներում խախտում են քիմիական նյութերի թույլատրելի չափաքանակը․դրանք թափվում են կոյուղաջրերի հեռացման համակարգ և դառնում մթնոլորտի աղտոտվածության պատճառ:

Նախարարությունը փորձում է պարզել, որ ձեռնարկություններն են խախտում նորմերը։ Այդ նպատակով պարբերաբար տարածքի տարբեր վայրերից կատարվում են ջրի և օդային ավազանի նմուշների լաբորատոր փորձաքննություններ:

Տեսչական մարմնի լաբորատորիայի պետ Գայանե Շահբազյանը տեղեկացրել է, որ, հոկտեմբերի 3-ին նույն դիտահորից կատարված նմուշառման անալիտիկ հետազոտության արդյունքները վկայում են, որ առկա է աղտոտող նյութերի չափաքանակի նվազում. համաձայն սեպտեմբերի 27-ին կատարած նմուշառումների լաբորատոր փորձաքննությունների արդյունքի ծծմբաջրածնի քանակն եղել է 0.824 մգ/լիտր, իսկ հոկտեմբերի 3-ի դրությամբ՝ 0.011 մգ/լիտր, ամոնիակինը սեպտեմբերի 27-ի դրությամբ՝ 4.5 մգ/լիտր է, իսկ հոկտեմբերի 3-ին` 0.8 մգ/լիտր։ Ս.թ. հոկտեմբերի 10-ին նույն դիտահորից կատարվել է ևս մեկ նմուշառում, ինչը լաբորատոր փորձաքննության ընթացքում է։