13 հոկտեմբերի 2017 - 13:27 AMT
Daily Mail. «Բարսելոնան» 90 մլն եվրո կվճարի Մեսսիին պայմանագրի երկարացման համար

«Բարսելոնան» ևս մեկ քայլ է կատարել Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը երկարացնելու ուղղությամբ: Կատալոնացիները պատրաստ են արգենտինացուն շաբաթական մոտ 555.000 եվրո վճարել:

Ընդ որում, միայն պայմանագիրը երկարացնելու համաձայնության համար Մեսսին կստանա 90 մլն եվրո: Դա կլինի պայմանագրի երկարացման համար ֆուտբոլի պատմության մեջ երբևէ վճարված ամենամեծ բոնուսը:

Ակնկալվում է, որ պայմանագիրը կստորագրվի հավաքականների խաղերի նոյեմբերյան ընդմիջման ժամանակ: Լիոնելի հետ նոր պայմանագրի համար գումար հավաքելու նպատակով, «Բարսելոնան» կարող է վաճառել ակումբի «Քամփ նոու» մարզադաշտի անվանման իրավունքը, գրում է evrosport-ը Daily Mail-ի վրա հղումով:

Մեսսին 3 գոլի հեղինակ դարձավ Էկվադորի հետ խաղում և աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց Արգենտինայի համար: 2017/18 խաղաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում 11 հանդիպման է մասնակցել՝ 14 գոլի հեղինակ դառնալով: