14 հոկտեմբերի 2017 - 15:40 AMT
Քաղաքապետի ոսկե մեդալներ՝ Ավետ Բարսեղյանին և Նազենի Հովհաննիսյանին

Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը և հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:

Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի բարօրությանն ուղղված երկարամյա և արդյունավետ գործունեության, մատուցած բացառիկ ծառայությունների, տարբեր ոլորտներում ներդրած ավանդի ու բազմամյա վաստակի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել մի շարք անձանց:

Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրել նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը, ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանը, «Շարմ Հոլդինգ» ընկերության պրոդյուսեր Ռուբեն Թորոյանը , Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը և մի շարք այլ գործիչներ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու ցուցաբերվող մշտական ուշադրության համար` պարգևների արժանացած անձինք վստահեցրել են, որ շարունակելու են պատվով կատարել մասնագիտական իրենց գործունեությունը` սեփական ներդրումն ունենալով Սիրո քաղաք Երևանի զարգացման գործում: