16 հոկտեմբերի 2017 - 15:26 AMT
Երևանում Մխիթարյանի գրաֆիտին է հայտնվել

Երևանյան փողոցներից մեկում հայտնվել է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գրաֆիտին, որի հեղինակն է Արթուր Ավագյանը (Ruthra Naygava):

Ինչպես PanARMENIAN.Net –ի հետ զրույցում պատմել է նկարիչը, Մխիթարյանի պատկերը հայտնվել է Երևանի Զեյթուն վարչական տարածքում գտնվող «Երեխաների աջակցության կենտրոնի» պատին: Ըստ նրա, գրաֆիտիի նպատակը խոցելի խմբերի երեխաներին հաջողության հասնելու մոտիվացիա տալն է ի դեմս ամենամեծ հաջողության հասած հայ ֆուտբոլիստի:

«Ես նման գործեր նույն նպատակով արել եմ տարբեր տեղերում՝ Երևանում, Վրաստանում, Կապանում: Կոնկրետ Հենրիխ Մխիթարյանի գրաֆիտին արվել է մի տեղ, որտեղ ապաստանում են խոցելի խմբերի երեխաներ...Կարծում եմ, նրանց, և ընդհանրապես երեխաներին, ուժեղ մոտիվացիա է պետք իրենց երազանքներին հավատալու համար, Հենոն շատ լավ օրինակ է նրանց համար»,-ասել է նկարիչը:

Հայաստանի 6 պետական մանկատանը 660 երեխա կա, որոնցից 560-ը, այսինքն 85 տոկոսը, հաշմանդամություն ունի: Գիշերօթիկ դպրոցներում սովորող երեխաների քանակը մոտ 3500 է: Նրանք այնտեղ են հայտնվել սոցիալական խնդիրների պատճառով, շատերը պահպանում են կապն ընտանիքի հետ և հետո տուն են վերադառնում:

Photo: Arthur Avagyan's FB page