17 հոկտեմբերի 2017 - 12:50 AMT
«Սոկրատեսն այսօր». Elliniko Theatro-ի հայտնի մոնոներկայացումը՝ Երևանում

Երևանում կներկայացվի Elliniko Theatro-ի հանրահայտ պիեսը՝ «Սոկրատեսն այսօր» մոնոներկայացումը, որը մինչև այս ավելի քան 450 անգամ արդեն բեմադրվել է 20 երկրում: Մենակատարը «Էմմի» մրցանակակիր, դերասան և ռեժիսոր Յաննիս Սիմոնիդեսն է: Նա երկու ներկայացում կխաղա հայ հանդիսատեսի համար՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 13:30-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում, և հոկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Մոնոներկայացումը Երևանում բեմադրում է Հայաստանում Հունաստանի դեսպանատունը՝ տոնելու Հայաստանի և Հունաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և պատվելու երկու ազգերի միջև դարավոր բարեկամական հարաբերությունները:

Դերասան Յաննիս Սիմոնիդեսն իր իսկ բեմադրած մոնոներկայացման մեջ մեղադրողներին, դատավորներին ու ներկաներին Սոկրատեսի պաշտպանական խոսքն է ներկայացնում՝ հնչած փիլիսոփայի կյանքի վերջին դատաքննության ժամանակ: Ամենաիմաստուն հույն Սոկրատեսին դատում են զրպարտական մեղադրանքների համար, ըստ որոնց նա անառակացնում է երիտասարդությանը, ոտնձգություններ թույլ տալիս կրոնի ու բարոյականության հանդեպ, ինչպես նաև վտանգում պետության և ընտանեկան կյանքի իդեալները:

Սոկրատեսյան ուսմունքի էությունը փոխանցող թատերական հայտնի այս բեմադրությունը նորովի է ներկայացնում Պլատոնի՝ մինչև օրս էլ արդիական կլասիկ ստեղծագործությունը:

Բեմադրությունների վերջում հանդիսատեսը հնարավորություն կունենա տաղանդավոր դերասանի հետ քննարկել Սոկրատեսի պաշտպանականը, նրա հնչեցրած տեսակետներն ու դրանց արդիականությունը մեր ժամանակներում: Բեմադրությունները լինելու են անգլերենով՝ հայերեն ենթագրերով: Մուտքն ազատ է:

Միջոցառմանն աջակցում և հովանավորում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հունաստանի տուրիզմի ազգային կազմակերպությունը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Էգեյան ավիաուղիներն ու «Չարենցի 28» ռեստորանը: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը միջոցառումը հովանավորում է ի հիշատակ «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության գլխավոր տնօրեն լուսահոգի Դիմիտրիս Լոիսի: