18 հոկտեմբերի 2017 - 16:59 AMT
Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբ է ստեղծվել

Ֆլամանդական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբ է ստեղծվել: Բրյուսելում Ֆլամանդական խորհրդարանում խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ձևավորել այս խումբը, նշելով, որ այն՝ որպես Ֆլանդրիայի ու Արցախի միջև անկեղծ բարեկամության խորհրդանիշ, հավաստում է երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունն ու նվիրվածությունը համընդհանուր արժեքներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ներկայիս Բելգիայի տարածքում Ֆլանդրիան հայկական սփյուռքի ամենահին օջախն է, որտեղ հայ համայնքը դարեր շարունակ յուրօրինակ կամուրջ է հանդիսանում արևմուտքի ու արևելքի, պատմական հայրենիքի և գեղեցիկ այս երկրի միջև, հավելելով, որ հարաբերությունների նման հարուստ պատմությունը, բնական է, պետք է իր դրական ազդեցությունն ունենա ներկա ժամանակահատվածի վրա, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: