19 հոկտեմբերի 2017 - 16:14 AMT
«Դիլիջան ազգային պարկի» վագոն-տնակի հրկիզման գործով 1 անձի մեղադրանք է ներկայացվել

«Դիլիջան ազգային պարկի» վագոն-տնակի հրկիզման գործով 1 անձի մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 21:20-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:36-ին, մարվել՝ 22:50-ին: Այրվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող «Պանտերա» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակը՝ ամբողջությամբ (մոտ 28 քմ), գույքով:

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերությանը պատկանող հենակետ հանդիսացող վագոն-տնակի հրդեհման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով, քրեական գործով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների հիման վրա ՀՀ Տավուշի մարզի դատախազի տեղակալի կողմից նախաքննություն իրականացնող մարմնին գրավոր ցուցում էր տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել մեկ անձի: Հոկտեմբերի 19-ին տվյալ անձին ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով առաջադրվել է մեղադրանք: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Անհանդուրժելի համարելով ապօրինի անտառհատումների կանխարգելման կոշտ միջոցների ձեռնարկմանն ակնհայտորեն խոչընդոտելու փորձերը, ինչպես նաև ուղեփակոցի վագոն-տնակի հրդեհման հանգամանքները և պահնորդների աշխատանքը խոչընդոտած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ ունեցած արդյունքների դեռևս ոչ բավարար լինելու հանգամանքը՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազի կողմից նախաքննական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ակտիվացնել ինչպես քննչական, այնպես էլ օպերատիվ-որոնողական անհրաժեշտ միջոցառումները, հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Նկատի առնելով նմանատիպ դրսևորումների հանրորեն վտանգավորության աստիճանը և հանցագործությունը կատարած անձանց օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը՝ ՀՀ դատախազությունն առանձնակի ուշադրության առանցքում է պահելու քննության ընթացքը՝ կիրառելով դատախազական հսկողության՝ օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր կառուցակարգերը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիլիջան ազգային պարկի Շամախյան հատվածի ուղեփակոցի հրկիզման մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը: Նա գրել էր. «Բողոքում են, ուզում են անտառը կտրել, իրենց կարծիքով անտառն իրենց սեփականն է, ինչ ուզեն կանեն»։